Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Աշխարհականներն օգնության ձեռք են մեկնում հոգևորականների՞ն

Աշխարհականներն օգնության ձեռք են մեկնում հոգևորականների՞ն
30.01.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Կարդացի «Իրավունքը de facto»-ի 2008 թ. հոկտեմբեր ամսվա թիվ 38-ի և 42-ի հոգևոր էջի` «Մենք չենք դատավորները» և դրանց անդրադարձի հոդվածները։ Երկուսն էլ հոգևոր-դավանաբանական տեսանկյունից գրագետ էին ընկալվում, մանավանդ որ համեմված էին աստվածաշնչյան բազմաթիվ մեջբերումներով, բայց, չգիտես ինչու, երկու հոդվածագրերն էլ իրենց մեջբերումները նախընտրել էին արևմտահայերենով անել, երևի խոսքի անաղարտության համար չէին օգտվել մեր դասական լեզվով ունեցած թարգմանությունից։ Թերևս իրավունք ունեն, որովհետև մեր ունեցած վերջին թարգմանությունը, իրոք, բազմաթիվ թերություններ ունի։ Բայց այդ կարևոր հարցի մասին` մի ուրիշ անգամ։

Սկսենք նրանից, որ 2007-ին դեռևս մեր «իմաստուն» աշխարհական այրերից ոմանք կոչ էին անում, որ հայերս այսուհետև անցնենք մուսուլմանական բարքերին հարազատ բազմակնությանը, որպեսզի ազգը բազմապատկվի ու աճի։ Քրիստոնեությանը խորթ, ես կասեի` սրբապիղծ այդ կոչերը մեր ազգի գենոֆոնդը գենոցիդի վերածելու ամենակարճ տարբերակն է, որը, փա՜ռք Աստծո, իրականություն չդարձավ։
Իսկ ահա հոդվածագիրներն իրենք, լինելով աշխարհիկ քրիստոնյաներ, արտահայտվում են մի բանի մասին, որը զուտ հոգևոր-եկեղեցական դասի խնդիր է։ Բայց երբ ցավը կա, ուրեմն տնքոցն էլ պետք է լսվի։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ աշխարհականը «տնքում» է եկեղեցականի «ցավի» համար, այն էլ` աբեղաների, վարդապետների, եպիսկոպոսների ու այլ բարձրաստիճան հոգևորականների։ ՈՒրեմն կա՛ մի անտեսանելի, բայց լուրջ կապ պարզ ժողովրդի և իր հոգևոր դասի մշակների միջև, և այդ կապն արտահայտվում է մեկ բառով՝ եկեղեցի։ Սա հունարեն «Էկլեզիա» բառից է փոխառված և թարգմանաբար նշանակում է միասնական ժողովուրդ, այսինքն` մեկ նպատակով մեկտեղ հավաքվածներ։ Ասել կուզե` մեր եկեղեցին եկեղեցականների ու աշխարհականների մի համախումբ է, որ ունի մեկ ընդհանուր նպատակ, որ է` ճշմարիտ աստվածապաշտություն մեկ Աստծուն՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, մեկ Ընդհանրական և Առաքելական սուրբ և ՈՒղղափառ Եկեղեցում։ ՈՒրեմն, եթե նպատակը մեկն է, նշանակում է միասնականությունն ամենակարևորն է։ Ահա այդ ընդհանրական միասնականությունն է, որն աշխարհականներին երբեմն դրդում է խառնվել (այստեղ կարելի էր գրել՝ մասնակցել) զուտ եկեղեցական դասի խնդիրներին։ Եվ այս անգամ քննարկման նյութ է դարձել մեր եկեղեցու վերին դասի կուսակրոնության ուխտի փոփոխության կամ եպիսկոպոսական դասի օրինական ձևով ընտանեվորվելու հարցը։
Իսկ ինչո՞ւ հատկապես այդ հարցը։ Ի՞նչ է, քի՞չ հարցեր կան եկեղեցու ներսում կարգավորելու։ Ինչո՞ւ են այս անգամ աշխարհականները հանրության առջև հանել մի հարց, որի մասին խոսում են միայն նեղ շրջանակներում, որ է. «Մեր կուսակրոնության ուխտ ընդունած շատ վարդապետներ ու եպիսկոպոսներ չեն կարողանում մինչև վերջ պահել իրենց կատարած ուխտը և, հաղթվելով մարմնի պահանջներից, գաղտնաբար (երբեմն էլ հայտնապես) խառնակվում են կանանց հետ»։
Եվ ահա չլսված ու զավեշտ իրավիճակի ենք ականատես դարձել. աշխարհականներն օգնության ձեռք են ուզում մեկնել եկեղեցականներին, որ նրանք պատվով կատարեն իրենց ծառայական լուծը և Աստծո առաջ անմեղադիր լինեն, մինչդեռ սովորաբար հակառակը պետք է լիներ։
Շատերին է հայտնի, որ խնդրո առարկա այս հարցը դարերի խորքից եկած ու հաստատված է մեր Հայոց կանոնագրքով. այսինքն` քահանայից բարձր աստիճանի ձգտողը պետք է զոհաբերի, այսպես ասած, իր տեսակի բազմացման հնարավորությունը, ըստ այդմ կանանց հետ սեռական որևէ հարաբերությունը։ ՈՒ պետք է ընդունել, որ կշեռքի նժարին շատ մեծ գին է դրվել, և նույնիսկ որոշ աստվածաբաններ ասում են, որ Կայենի և Աբելի միջև ծագած կոնֆլիկտային վիճակն առաջացել է նաև դրանից, քանի որ, ըստ նրանց կարծիքի, Կայենն ու Աբելը ծնվել են իրենց էգ երկվորյակի հետ, որոնց հետ և պետք է հետագայում ամուսնանային, որպեսզի կատարեին Արարչի հրամանը, որ է՝ «Աճեցե՛ք և բազմացեք»։ ՈՒ Կայենն ի սկզբանե լինելով չար, աչք էր դրել նաև Աբելի երկվորյակ զուգընկերուհու վրա։ Իհարկե, սա ավանդապատման էջերից է, որի հավաստիությունը միայն Աստված գիտե, բայց և այնպես ընթերցողն էլ թող տեղեկանա, որ կանանց հարցը դեռ մարդկության պատմության ակունքներից է սկսվում։ Ադամի երրորդ որդու՝ Սեթի միջոցով շարունակվեց մարդկային այժմյան սերունդը Նոյ նահապետի, իր երեք որդիների ու նրանց կանանցով` դարձյալ ծլարձակվելով Արարատի փեշերին։ Իսկ Կայենի սերունդը ջրհեղեղով իսպառ վերացավ։ Ինչո՞ւ այս մասին հիշեցի, որովհետև այն ժամանակ ևս բարձրացավ կանանց այս չարաբաստիկ հարցը։ Բանն այն էր, որ (նորից ըստ ավանդության) Սեթի սերնդի շատ ընտիրներ, լինելով բարեպաշտ, ապրում էին կուսական, ճգնակենցաղ անաղարտությամբ (այսինքն` այժմյան կուսակրոնության տարբերակով), բայց երբ տկարացան այդ սխրանքի մեջ, խառնակվեցին Կայենի դուստրերի հետ, որոնք իրենց վարք ու բարքով գայթակղեցրին Սեթի սերնդի այդ տղամարդկանց, որոնցից հետագայում հսկաներ ծնվեցին` հզոր մարմնով ու գործերով, բայց տկար ու անպետք հոգով։
Այսքանը` որպես մուտքի խոսք։ Իսկ այժմ անցնենք բուն հարցին։
Ասեմ, որ մինչ այս հոդվածը գրելը ես մի փոքրիկ, այսպես ասած, սոցիոլոգիական հարցում անցկացրի իմ ծանոթների շրջանում և իրենց կարծիքը հարցրի խնդրո առարկայի վերաբերյալ։ Պատկերացրեք, նրանց մեծ մասը կողմ էր երկու հոդվածագիրների կարծիքներին, այսինքն` բարձրաստիճան եկեղեցականների ամուսնացյալ կարգավիճակին։ Բայց դա չի նշանակում, որ բոլորն են այդպես մտածում, այդ թվում և` շատ կուսակրոններ, որոնք, ի գին ամեն ինչի, ուզում են հաճեցնել միայն Աստծուն, ոչ թե կանանց։
Ես ևս ունեմ իմ կարծիքը, որի համար էլ նստեցի պատասխանելու հարգելի հոդվածագիրներին ու նրանց նման մտածողներին։
Սկսենք նրանից, որ հեղինակները փաստարկում էին Գրիգոր Լուսավորչին ու իր սերնդին, որոնք ամուսնացյալ կարգավիճակով են անցել ու ժառանգներ ունեցել հետագա հոգևոր ծառայության համար։ Այո՛, ինչ խոսք, դա այդպես է, բայց կան որոշ նրբություններ, որոնք չպետք է մոռանալ։ Այսինքն՝ Գրիգոր Լուսավորիչն ի սկզբանե, այսինքն` մինչ ընտանիք կազմելը, հոգևոր ծառայության լծի տակ չէր մտել, այլ հետո, երբ Տերը նրան Հայաստան պետք է բերեր և նրա միջոցով մեծամեծ գործեր աներ։ Եվ այդ ժամանակ ի՞նչ արեց նա. կնոջ հետ փոխհամաձայնությամբ դադարեցրին մարմնավոր բոլոր տեսակի կապերը և դարձան հոգևոր եղբայր ու քույր` բարի պատերազմում արհամարհելով մարմնավորը, հոգևորում հաղթելու համար։ Իսկ երբ Սահակ Պարթևն իր համար արու ժառանգ ուզեց, մտածելով, որ միայն այդպես կարող է շարունակվել Լուսավորչի տոհմը, նրան տեսիլքով մերժվեց այդ խնդրանքը, քանզի մարդոց խորհուրդները շատ հեռու են Աստծո կամքից, ինչպես երկիրը` երկնքից։ Իսկ այսպես ասած Պետրոսի ու Պողոսի ժառանգների կամ մյուս առաքյալների ու Քրիստոսի հետևորդների սերունդների հետագա հոգևոր գործունեության մասին Ավետարանն ու եկեղեցու ավանդությունը լռում են, բացի միակ վկայությունից, որ սարկավագ Փիլիպպոս ավետարանչի չորս կույս աղջիկները մարգարեուհիներ էին։ Այսքանը, ուրիշ ոչ մի ընտիր ժառանգականության մասին խոսք չի գնում, որոնց համար այդքան ափսոսում են հոդվածագիրները։ Քանզի, ըստ Պողոս առաքյալի, կուսակրոն վարդապետներն ու եպիսկոպոսներն ունենում են բազմաթիվ ժառանգներ երկնքի արքայության համար պատրաստ, բայց հոգևոր առումով, ինչպես որ նույն առաքյալն է ասում. «Ես Ավետարանով ծնեցի ձեզ ի Քրիստոս Հիսուս» (Ա Կորնթ. 4.15)։
Ինչպես շատերս գիտենք, բոլոր առաքելահիմն եկեղեցիները դարերից եկած փորձով ընդունել են կուսակրոնության խորհուրդը որպես պարտադիր պայման բարձրաստիճան բոլոր դասերի համար, իսկ կաթոլիկ եկեղեցին, ըստ իս, առավել ծայրահեղության է գնացել և արգելել ամուսնանալ ու ընտանիք կազմել եկեղեցու բոլոր ծառայողներին ընդհանրապես, սկսած սարկավագաց դասից, դրանով իսկ դրդելով նրանցից շատերին մանկապղծության ու այլևայլ այլասերվածությունների։ Չգիտեմ, այսօր այդ առաքելահիմն եկեղեցիներն արդյոք իրենց մոտ բարձրացնո՞ւմ են կուսակրոններին ամուսնություն թույլ տալու հարցը, թե ոչ, բայց քանի որ նման թեմայի շուրջ խոսակցություններ ու կարծիքներ են արտահայտվում, ապա մենք պարտավոր ենք այդ հարցը լուրջ քննարկման առարկա դարձնել բոլոր առումներով, որովհետև վանդակի դուռը բացելուց հետո կարող է շատ ցավալի ու անկանխատեսելի հետևանքների հանդիպենք ու, ժողովրդական խոսքով ասած, փորձած թանը կարոտով հիշենք, անփորձ մածունը համտեսելուց հետո։
Անգլիկան եկեղեցին երբ մի փոքր դռները բացեց աշխարհից եկած պահանջների առաջ ու կին քահանաներ «օծեց», ավարտեց նրանով, որ այդ եկեղեցու առաջնորդ եպիսկոպոսն ամուսնացավ, բայց ոչ կնոջ հետ, այլ իր սեռակից մի տղամարդու, ինչը, ըստ Աստվածաշնչի, քարկոծելու արժանի արարք է համարվում։ Իսկ մորմոնական աղանդն ավելի առաջ գնաց, ու ոչ թե մեկ, այլ բազմաթիվ «օրինական» կանայք ունենալու արտոնություն տվեց, որ «սուրբ սերունդներ» ունենան, ու իրենց աղանդը «սրբերի» պակաս չունենա։ Ինչպես տեսնում ենք, անկանխատեսելի հետևանքների մի քանի օրինակներ արդեն ունենք, իսկ թե դեռ ինչե՜ր կարող ենք տեսնել ու լսել, թող Աստված մեզ հեռու պահի։ Թեկուզ սկսած նրանից, որ այսուհետ ընտանեվորված եպիսկոպոսների, պատրիարքների կամ կաթողիկոսների «օրինական» ժառանգներն իրենց հայրերի «օրինական» հետնորդներ համարելով, այդ բարձր աթոռներին ձգտեն նստել կամ էլ եկեղեցու ընդհանուր ունեցվածքի համար գզվռտոցներ սկսեն. չէ՞ որ ընտանիք ու երեխա պահելու, կերակրելու խնդիրներ պետք է առաջանան։ Հիմա առանց այդ էլ մեր եկեղեցին չի կարողանում գյուղերում ծառայող քահանաներին կարգին ծառայավարձ տալ (չասացի աշխատավարձ, որովհետև նրանք բոլորը կանչված են նախ` Աստծուն, ապա ժողովրդին ծառայելու, ինչպես որ Ամենայն Հայոց կաթողիկոսները բոլոր կոնդակները սկսում են «ծառա Աստծո» խոսքով)։
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3597

Մեկնաբանություններ